Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց բանակից խուսափածների վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։ Դրան կողմ քվեարկեցին միայն հեղինակի թիմակիցները, ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը ձեռնպահ մնացին։ Մինչ քվեարկությունը, սակայն, առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ իրենց մտագոհությունը հայտնեցին թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմադիրները։
«Իմաստը հասկանալի է, թե ինչ նպատակ եք հետապնդում, բայց ես կարծում եմ, որ սա նաև վարքագիծ է դաստիարակելու մեր մոտ և վատ վարքագիծ», — ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից էլ Գեղամ Մանուկյանը նշեց. — «Սա երբ որ դարձնում ենք օրենք, արձանագրում ենք, որ՝ այո, մշտապես կարող էր լինել նման հանցանքներ, մեր հայրենակիցները կարող են մշտապես բանակից խուսափելու կամ այլ պատճառներով մինչև 27 տարեկանը Հայաստանի սահմաններից դուրս լինեն»:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով էլ. — «Հայաստանի Հանրապետության այս վիճակում գտնվելու, ես նկատի ունեմ ռազմաքաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հնարավոր տարբեր տարբերակներ, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք այլ որոշումներ ընդունենք, որպեսզի ավելի խստացված լինեն զինվորական ծառայության վերաբերյալ համապատասխան մեր պատկերացումները»:
Հայկ Սարգսյանն ի պատասխան հնչող մտահոգությունների հայտնեց՝ օրինագիծը հնարավորություն է տալիս ոչ թե չծառայել, այլ չդատապարտվել։ Իշխանական պատգամավորը նաև պարզաբանեց՝ առաջարկվող փոփոխություններից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնց 25 տարին լրացած կլինի հենց օրենքի ընդունման պահին։
«Օրենքից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր ընդունման պահին կլինեն 25 տարեկան և ավելի բարձր», — ասաց Սարգսյանը:
Օրինագծով առաջարկվում է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին 5 տարվա ազատազրկման փոխարեն կա՛մ ծառայել բանակում`երկու տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։
«Չծառայելու համար հետախուզման մեջ են գտնվում ավելի քան 100 հազար քաղաքացիներ, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են ու ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել: Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք երբևէ նորից անենք համաներում այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար, բայց և չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման», — ընդգծեց Հայկ Սարգսյանը:
Ըստ այդ փոփոխությունների՝ հետախուզվող քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել նաև ավելի քան 2 միլիոն դրամ վճարելով ու 15 ամիս ծառայելով։ 5 միլիոն դրամի դիմաց էլ 7 ամիս 15 օր ծառայելով։ Ընդ որում, օրինագծի հեղինակն ավելի վաղ ավելի քիչ ծառայության ժամկետներ էր առաջարկել։
«Ես այնքան էլ հաշտ չեմ այդ գաղափարի հետ, ես կարծում եմ, որ մենք անհավասարության, սոցիալական հավասարության, սոցիալական արդարության շեմը մի փոքր խախտում ենք այս նախագծով», — ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն էլ նշեց. — «Չի կարելի ասել, որ եթե անապահով ես, փող չունես, ապա դու պիտի ունենաս էս ելքը՝ կա՛մ պիտի դատվես, կա՛մ պիտի հայրենիքի առջև ծառայությունդ կատարես, իսկ եթե ունես փող, խդրեմ, վճարի փողն ու անցի առաջ»:
Հայկ Սարգսյանն արձագանքեց. — «Անհավասարություններ որպես այդպիսին, այսօր էլ կան, օրինակ, մենք 2300-ից ավելի արական սեռի քաղաքացիներին տվել ենք տարկետում բանակում չծառայելու համար՝ օտարերկրյա բուհերում սովորելու հիմքով: Դա կարող ենք դիտարկել, որ անհավասարություն է»:
Անցած տարիներին զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տրվում էր մի այլ օրենքով, որը ուժի մեջ էր մտել 2004 թվականին ու պարբերաբար երկարաձգվել էր։ Վերջին անգամ դրա գործողության ժամկետը երկարաձգվեց 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը։ 16 տարիների ընթացքում, ըստ իշխանական պատգամավորի, 10 հազար քաղաքացի է օգտվել այս փոփոխությունից սահմանված գումարը վճարելով։
2021-ին ընդունած օրենքով էլ համաներվել էին զինծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացած այն տղամարդիկ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամովին ներկայացել էին իրավապահներին։ Այս հնարավորությունից, ըստ Հայկ Սարգսյանի, ավելի քան 1300 քաղաքացի է օգտվել։