Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը կախված չէ հայերից ու ադրբեջանցիներից, կախված է գերտերություններից, որոնք իշխում են այս տարածաշրջանում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ադրբեջանը տարել է հաղթանակ, բայց այդ հաղթանակը ունի նաեւ այլ շահառուներ ու տերեր, եւ հիմա այդ շահառուների կամքից է կախված պայմանագրի ստորագրումը: Դրա համար է իրավիճակը կանգնած: Այդ պայմանագիրը՝ բաղկացած 22 կետից, դրված է սեղանին:
Ալիեւը Արեւմուտքի օգնությամբ լուծել է Արցախի հարցը, բայց դրանից հետո առաջացել են այլ հարցեր: Ինքը հոյակապ հասկանում է, որ ինքը դրան հասել է ՌԴ-ի լռության արդյունքում, եւ այդ լռությունն ունի գին: Հիմա Ադրբեջանը պետք է վճրի դրա գինը: Իսկ Արեւմուտքի հետ Ալիեւը խնդիր չունի: Հայկական սեգմենտում որոշ մանկամիտներ ասում են, որ Ալիեւն, իբր, գտնվում է Արեւմուտքի աննախադեպ ճնշման տակ, այն դեպքում, որ նա արեւմտյան վոյաժների մեջ է եւ իրեն շատ լավեն ընդունում, որովհետեւ ապահովում է Արեւմուտքի համար անհրաժեշտ էներգակիրները»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:
Նա հիշեցրեց, որ ՌԴ-ում էլ են ընտրություններ եւ Պուտինին էլ են պետք տեսարաններ եւ ինքը ձգտելու է, որ իր բարձր հովանու ներքո Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր:
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե ՌԴ-ի լռության դիմաց ինքը գինը չվճարի, փորձի «քցել» Ռուսաստանին, ինքը կունենա խնդիրներ»,-ասաց նա: