Խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի կողմից խոսելը խոսում է ազգային եւ պետական մտածողության իսպառ բացակայության մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Ենթադրենք, արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն, չեն էլ եղել, բայց նրանք քո ազգակիցներն են եւ ենթարկվել են դեպորտացիայի, առանց այդ ժողովրդի երաշխիքներով վերադարձի ի՞նչ խաղաղության պայմանագիր կարող է լինել: Սա պետական նվաստացման ամենավերջին փուլն է: Նման նվաստացման ճանապարհով խաղաղության պայմանագիրը խաղաղության պայմանագիր չէ, դա նվաստացման պայմանագիր է: Խաղաղության պայմանագիր կլիներ այն ժամանակ, երբ երկու կողմերի պահանջները բավարարվում են փոխզիջումով: Եթե այս երկիրն Ադրբեջանի նկատմամբ որեւէ պահանջ չունի, ինքը հրաժարվել է բոլոր պահանջներից, ի՞նչ խաղաղության պայմանագիր»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ադրբեջանն ասում է, որ եթե խաղաղության պայմանագրում պետք է լինի արցախցիների վերադարձի հարց, ապա պետք է լինի նաեւ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց, Շիրակի թեմի առաջնորդն ասաց. «Մենք խոսում ենք 2023-ին տեղի ունեցածի մասին, եթե հասնում ենք 1992-1994 թվականներ, ապա հանգիստ կարող ենք հասնել 1920 թվական, 1915 թվական: Հայաստանը կարող է պահանջել Նախիջեւանի հայ բնակչության վերադարձը, Դաշտային Ղարաբաղի, Գանձակի եւ Բաքվի հայ բնակչության վերադարձը: Այնպես չէ, որ մենք հակաքայլեր չունենք: Բայց մեր իշխանությունները վերցրել են պարտվողական մտածելակերպ՝ դա ներկայացնելով որպես խաղաղասիրություն: Ինչու պետք դիտորդի կարգավիճակով նայեիր, թե ինչպես է Արցախը հայաթափվում , որպեսզի հիմա էլ Ադրբեջանը նման պահանջներ դնի: Նշանակում է՝ ինչ-որ դավաճանական պայմանավորվածություններ կան»,- ընդգծեց նա: