Ջուրը խնայելը ազգային անվտանգության հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարությունում գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ։
Փաշինյանն անդրադարձել է ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված տնտեսվարողների դժգոհությանը։
Երեկ հայտնել էինք, որ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից պահանջում էին հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Քաղաքացիները փորձում էին իրենց դժգոհությունը հայտնել անձամբ Փաշինյանին, սակայն չստացվեց։
«Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»,– ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց նոյեմբերի 22-ին։