Search
Close this search box.

ԼՂ–ի կենսաթոշակառուներն այսօրվանից կարող են դիմել Հայաստանում թոշակ ստանալու համար

Այն անձինք, որոնք ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել` ՀՀ-ում այն ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` եթե ԼՂ–ից բռնի տեղահանված անձը կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ իրավասու մարմնին դեկտեմբերի 11–ից սկսած եռամսյա ժամկետում, ապա նա թոշակ կստանա 2023 թ. հոկտեմբերի 1–ից։

Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար նախարարությունը կոչ է անում կատարել հետևյալ քայլերի հաջորդականությունը՝

1.Նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):
2.online.ssa.am հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։
3.Եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել` արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։
4.Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի համար, հեռախոսահամար, վճարման եղանակ (կանխիկ-անկանխիկ)։

Նախարարությունից նաև նշում են, որ միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1–ին կամ 2–րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող են որպես կենսաթոշակի վճարման տեսակ ընտրել կանխիկ եղանակն ու վճարող կազմակերպությունը (նախընտրելի բանկ)։

«Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին» դաշտում և սեղմել «Ստեղծել» կոճակի վրա»,– ընդգծում են գերատեսչությունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։

Բացի այդ, դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում պետք է զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Please enter a valid URL