Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտնել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես գոհ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակմամբ, և «մեծ հույսով եմ սպասում այս դրական ազդանշանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար»», — ասաց նա:
«Կոչ եմ անում կողմերին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել», — հավելել է քահանայապետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: