SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ թմրամիջոցներ տեղափոխելու, պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 21:30-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիից Թեհրան-Երևան թիվ 1150 չվերթով Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին:
Նրանք են Իրանի Իսլամական Հանրպետության Սպահան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Մաջիթ Սաֆարալի Էսմաեիլզադեհը, 45-ամյա Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինը, նրանց դիմավորող, 19-ամյա Ալիռեզա Մաջիդի Էսմաեիլզադեհը:
Ոստիկանությունում Մ. Էսմաեիլզադեհի ձեռքի ճամպրուկում հայտնաբերվել է 2 հատ պլաստմասե և 1 հատ ապակյա շշերով լցված անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ պոլիէթիլենային տոպրակի մեջ եղել է 20 հատ վարդագույն և 10 հատ Նեուռոգոլ գրառմամբ կապույտ գույնի դեղահաբեր :
Նրանք եղել են Mitsubishi Grandis մակնիշի ZZ 378 GG համարանիշի ավտոմեքենայով:
Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Դավիթ Աղասու Մանուկյանը, Մաջիդի Էսմաեիլզադեհը, Արա Ջիվանի Ազիզիյանը և Սարգիս Ալեքսանի Օհանջանյանը: Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին է, ով արդեն 7 տարի է իր պատիժն է կրում:
Մինչ այդ Ոստիկանության քրեական հետախուզության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 15-ին, Նուբարաշենի կամրջի մոտ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էրեբունու Ոստիկանություն էին բերման ենթարկել 37-ամյա Էդգար Մխոյանին:
Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինի նստատեղի միջից հանվել է մեծ քանակի թմրանյութ, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Նշված խմբի հայտնաբերման ու վնասազերծման փաստով ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. Երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։
Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։