ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը:
Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս–հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։
«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,– ընդգծել է Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ–ին կրկնապատկվել է։ Բացի այդ, Ռուսաստանը ՀՀ–ի համար գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է և դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։
Կարապետյանը նշել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալը, որը նախորդ տարվա արդյունքներով քառապատկվել է։
«Երկրների տնտեսությունների հարմարեցումը գլոբալ իրադարձություններին հիմնականում տեղի է ունենում մասնավոր բիզնեսի հաշվին։ Ռուս–հայկական գործարար համագործակցությունն անցած տարիների ընթացքում ամրության թեստ է անցել, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։ Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ–ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,– ասել է Կարապետյանը։
Նշենք, որ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ կառաջադրվի 2024-ի ընտրություններում։