Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման լուրջ խոչընդոտներ չի տեսնում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մոտ եռամյա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել դրույթ Ղարաբաղում հայ փոքրամասնության վերաբերյալ։ Մեր դիրքորոշումն այն էր, որ դա մեր ներքին գործն է»,- ասել է Ալիեւը Euronews-ի հարցազրույցում։
«Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառենք նաեւ երեսուն տարի առաջ Հայաստանից արտաքսված ադրբեջանական փոքրամասնության հարցն այդ երկրում։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանում շատ ավելին էին, քան հայերն Ադրբեջանում՝ մոտ 300 հազար մարդ։ Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն էր, որ դա պետք է փոխադարձ լինի։ Կամ մենք ներառում ենք այս երկու հարցը ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների եւ անվտանգության մասին, այդ թվում ոչ միայն Ադրբեջան հայերի վերադարձի, այլեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Եվ կարեւոր չէ, որ ադրբեջանցիները վտարվել են երեսուն տարի առաջ, իսկ հայերը որոշել են հեռանալ երկու ամիս առաջ։ Բանն այն է, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, այլապես մենք չենք մեկնաբանի այս հարցը մեր խաղաղության պայմանագրում։ Մենք մինչեւ հիմա Հայաստանից որեւէ հստակ բացատրություն չենք ստացել այս հարցի վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով, «եթե Հայաստանը համաձայնի կամ չկիրառել նույն ձեւակերպումը երկու ազգային փոքրամասնությունների համար, կամ առհասարակ չներառի այս հարցը, ապա խաղաղությունը հասանելի է»։
«Որովհետեւ դա Հայաստանի համար գլխավոր խոչընդոտն էր մեզ հետ իրենց բանակցություններում։ Այնպես որ՝ տեսնենք, թե ինչ կլինի։ Եվ, անկեղծ ասած, տրամաբանորեն ես լուրջ խոչընդոտ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասել է նա։