ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ հնարավոր արտահանձնման հարցի շուրջ համաձայնություն ՌԴ իրավապահների և ՀՀ գլխավոր դատախազության միջև առ այս պահն առկա չէ։ Ավելին, Միհրան Պողոսյանի՝ հնարավոր ձերբակալության մասին ՌԴ իրավապահները ՀՀ-ին չեն ծանուցել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին չի դիմել ՌԴ գործընկերներին՝ պարզելու, թե, ի վերջո, իրապես Պողոսյանը ձերբակալված է, թե ոչ, արդյո՞ք նրան պատրաստում են փոխանցել ՀՀ-ին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք, որ Մոսկվայում Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին տեղեկություններ տարածվել էր նոյեմբերի 20-ին՝ ռուսական այն տելեգրամյան ալիքների միջոցով, որոնք սովորաբար քրեական խրոնիկոնին բավական քաջատեղյակ են։
«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի»,-նշել էր Mash տելեգրամ ալիքը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու հայկական կողմի խնդրանքը։
ՀՀ իրավապահները, ինչպես նշվեց, չեն հաստատում, որ ստացել են որևէ ծանուցում՝ Պողոսյանի ձերբակալման մասին, ավելին, արդեն տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ Միհրան Պողոսյանը Մոսկվայում բերման էր ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողի հետ վիճելու համար, ինչից հետո ազատ է արձակվել
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում Պողոսյանի արտահանձնման գործընթացը, արդյո՞ք ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՀՀ-ն ծանուցում ստացել է, եթե ոչ, ապա արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունն ինքը դիմել է ՌԴ իրավապահներին՝ նկատի ունենալով, որ նրա ձերբակալության և արտահանձնման մասին լուրերը հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան միայն նշել են, որ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին վերջին միջնորդությունը հասցեագրվել է ՌԴ իրավասու մարմիններին 09.08.2023թ․։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ անցած երեք ամիսներին ՌԴ-ից որեւէ արձագանք չեն ստացել։
«Մ․ Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացի ապահովմանն ուղղված միջոցառումները շաունակվում են․ այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ՝ հանձնման հարցը լուծելու նպատակով»,- հայտնել են դատախազությունից։
«Ասել է թե՝ նոյեմբերին որեւէ զարգացում տեղի չի ունեցել եւ ՀՀ գլխավոր դատախազությունն անտեղյակ է ՌԴ դատախազության ծրագրերին, այն է՝ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու միջնորդությունը երբեւէ կբավարարվի, թե ոչ»,- գրում է լրատվամիջոցը։