Search
Close this search box.

Դեղերը կթանկանա՞ն

Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ առանց դեղատոմսի նախկին օրենքով էլ չէր թույլատրվում դեղեր բաց թողնել.

«Օրենքը կար, և պարտադիր պետք է լիներ դեղատոմսերով։ Ուղղակի նշվում է, որ այս կարգով ավելի խիստ է վերահսկվելու ոլորտը։ Այս կարգը անսպասելի, արտասովոր բան չի բերում մեր իրականություն։ Կա նաև սոցիալական խնդիր. հատիկով դեղ վերցնել չի թույլատրվում թե՛ հին, թե՛ նոր կարգով, ուղղակի մեր իրականության մեջ դա ընդունված է, ինչ-որ տեղ աչք են փակում, որովհետև հասկանում են, որ սոցիալական խնդիր կա»։

Ըստ Զաքարյանի՝ ամեն ինչ անում են, որպեսզի դեղերը թանկանան. «Մեր դեղատները պատրաստ չեն առանձին ծախսերի, աշխատողներից ոչ բոլորն ունեն հատուկ ID-ներ, ամեն դեղատոմսի համար որոշակի գումար է սահմանված, ինչը կարտացոլվի ինքնարժեքի մեջ»։

Կան մարդիկ, որոնք հարցնում են, որ, եթե գիշերը վատանան, ունենան ատամնացավ կամ գլխացավ, ո՞ւր պետք է գնան, ի՞նչ պետք է անեն։ Դա մեր իրականության վատ կողմերից մեկն է։ Որոշումն ընդունում են, բայց հետագա շարունակվող երևույթների վերաբերյալ, որոնք օրենքին զուգահեռ՝ կարող են գնալ, ոչ ոք ոչ մի պատասխան չունի։ Հիմա մենք փորձելու ենք շփվել կառավարության հետ, գոնե այդ մասով հասկանանք, թե ինչ է լինելու։ Բոլորս էլ հիանալի հասկանում ենք, որ նմանատիպ կարգավորումը բերելու է որոշակի խնդիրների։ Մասնավոր հատվածի հետ ընդհանրապես հանդիպում չի եղել, ես վստահ եմ, որ կասեն՝ ինչ-որ մեկի հետ քննարկել են, բայց պաշտոնական քննարկումներ չեն եղել»։

Սամվել Զաքարյանն ասաց, որ ըստ այս կարգի՝ բժիշկներն ազդող նյութն են գրելու, հիվանդն այցելելու է դեղատուն, դեղատանը պարտավոր են մի քանի տարբերակ առաջարկել. «Նախկինում կոնկրետ արտադրողի կոնկրետ դեղն էին նշանակում, ինչը խնդիր էր։ Իսկ հիմա սպառողն ինքը կընտրի, թե որ դեղն է ցանկանում գնել»։

Please enter a valid URL