Ես կխուսափեմ որեւէ անուն հնչեցնել, նախ մանրամասներին ծանոթ չեմ, բացի այդ, շատ զգայուն թեմա է եւ մինչեւ գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաեւ լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետեւ հասկանում եք՝ ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությանը:
«Մինչեւ չհատեն գերիները ՀՀ սահմանը, կարծւմ եմ՝ Հայաստանը չի կարող հստակ բան ասել: Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է»,-ասաց նա՝ հավելելով, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։
Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողը։
Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշեց. «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։