Search
Close this search box.

Մենք ոչ թե նոր սահման ենք գծում, այլ վերականգնում ենք ՀՀ-ի սահմանները. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից՝ նշելով, որ այն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։

«Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկարատև գործընթաց է։ Փոխադարձ ընկալում կա, որ գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ»,- ասել է նա:

Փոխվարչապետի խոսքով՝ 1975 թվականի քարտեզը 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք պետք է մանրակրկիտ հետազոտվեն:

«Չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է»,- նշել է նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են համատեղ հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:

«Մոտ ժամանակներում այդ աշխատանքը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որից հետո մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ այս անգամ անկլավների ու էքսկլավների հարց չի քննարկվել:

Please enter a valid URL