ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՊՄԿ պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի պատիժը խստացվեց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՊՄԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։
Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՊՄԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին, որը բավարարվեց։