Վերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից:
Ինչպես հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից, սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննդի մասին պարբերաբար հրապարակումներ են արվում նաեւ լրատվամիջոցներով: 2018 թ. հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:
Կազմակերպությունը հետաքրքրվել էր, թե արդյոք քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքը փորձաքննության ենթարկվում է, եթե այո՝ խնդրել էր տրամադրել փորձաքննական եզրակացությունների պատճենները, եթե ոչ՝ փորձաքննության ենթարկել պահածոյացված միսը, կարագն ու յուղը: Քանի որ բողոքները, հատկապես այս ապրանքատեսակներին են վերաբերում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ. Մելքոնյանը 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված պատասխանում հայտնում է, որ «ըստ անհրաժեշտության ձեռք բերված ապրանքատեսակները ենթարկվում են փորձաքննությունների»:
Վ. Մելքոնյանը նշում է, որ պարբերաբար խախտումներ են հայտնաբերվում պահածոյացված մսի փորձարկումների արդյունքում: Դրա հետեւանքով, վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, կնքված պայմանագրերն այդ մասով լուծվել են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրված պատասխանը՝ փորձագիտական եզրակացությունների պատճեններով՝ այստեղ:
Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի՝ չափորոշիչներին չհամապատասխանելու մասին փաստում է նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Խմբի՝ 2016 թ. հաշվետվությամբ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներին չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ է մատակարարվում: Սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ պայմանները եւս բավարար չեն: Արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող անձինք ուղղակի հրաժարվում են սննդից եւ հիմնական սնունդը ստանում ընտանիքի անդամներից՝ հանձնուքների տեսքով: