ՀՀ հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավ սահմանն է։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Երկու երկրները երբևիցե իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ընձեռել միմյանց համար։ Մեր համագործակցությունը բազմազան ուղղություններով է զարգացել։ Փոխադարձ առևտրաշրջանառությունը բազմապատկվել է` հասնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,– ընդգծեց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Իրանը փոխադարձ շահավետ պայմանագրեր ունեն հատկապես ենթակառուցվածքների զարգացման բնագավառում։
«Մենք հիմա փորձում ենք ուսումնասիրել թաքնված այն ներուժը, որը կնպաստի երկու երկրների հարաբերություների աճին։ Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքի զարգացումը և հաղորդակցության ուղիների բացումը կնպաստի տնտեսության ճյուղերի և առևտրի զարգացմանը, ինչպես նաև` ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ Դրանք նաև ճանապարհ կհարթեն տարածաշրջանային մասնակցության համար»,– նշեց Մեհդի Սոբհանին։
Նա կոչ արեց` հենվելով անցյալի վրա` մտածել նոր ուղիների մասին։