Search
Close this search box.

Նիստն անօրինական էր․ Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը

Ավագանու նիստն անօրինական էր․ պնդում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը։ «Երկիր»-ի հետ զրույցում նաա նշեց, որ պատրաստվում է կատարվածը բողոքարկել դատական կարգով։
Նշենք, որ առավոտյան Ալավերդիի ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

«Եթե օրենքի ուժով նիստը գումարվում է, 10-10։30 պարտավոր էին սպասել համայնքի ղեկավարին, սակայն մարդիկ, օրենքը խախտելով, երկրորդ անգամ իմպիչմենտ հայտնելով, դուռ ջարդելով մտնում են նիստերի դահլիճ՝ չսպասելով, որ համայնքի ղեկավարը գա»,- ասաց Թամազյանը։
Նա շեշտեց՝ չի պատրաստվում հավաքել իրերն ու դուրս գալ աշխատասենյակից, կսպասի դատարանի որոշմանը։

Թամազյանը նաև հայտնեց, որ իրենք ավելի վաղ դիմել են և՛ կառավարություն, և՛ Լոռու մարզպետարան՝ տեղեկացնելով, որ ավագանու նիստերն արդեն երեք ամիս է՝ չեն կայանում, անհրաժեշտ է դադարեցնել ավագանու ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակել, սակայն մինչ օրս պատասխան չկա։

Աշխատակազմի ղեկավար Հարություն Գալստյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն այդպես էլ չի հաջողվել ոչ միայն նիստերի դահլիճ, այլև շենք մուտք գործել, նիստի մասին որևէ արձանագրություն չի կազմվել։
Հավելենք, որ մեծ թվով բնակիչներ շարունակում են համայնքապետարանի շենքի մոտ մնալ՝ պահանջելով չեղյալ համարել ավագանու նիստի արդյունքները։

Please enter a valid URL