Search
Close this search box.

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից. փոխարտգործնախարար

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից։ Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն և Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության զարգացման ծրագրերը: Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ջանքեր է գործադրում «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու նախագծի իրականացման նախաձեռնության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման համար: Նախագիծը թույլ կտա Հայաստանին ոչ միայն ավելացնել լոգիստիկ հզորությունները, այլև դառնալ «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի և այլ նախաձեռնությունների լիիրավ մասնակից:

ԱԳ փոխնախարարի կարծիքով՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև: Այս առումով չափազանց կարևոր է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն, որը թույլ կտա զարգացնել հաղորդակցությունն ու առևտուրը։

Please enter a valid URL