Հայաստանի 6 մարզում մարտի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, իսկ Տավուշի մարզի մեկ համայնքում` արտահերթ ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 7 մարզի 20 համայնքում:
Արարատի մարզի Դարբնիկ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է գործող գյուղապետ ՀՀԿ-ական Դավիթ Գզիրյանը: Ինքնառաջադրված ՀՀԿ-ական Սմբատ Ավետիսյանը հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ անկուսակցական Ռաֆիկ Վիրաբյանն ինքնաբացարկ հայտնել:
Արարատի մարզի Եղեգնավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Տիգրան Եփրեմյանը և համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Հովսեփ Ղազարյանը:
Արարատի մարզի Զորակ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Էդուարդ Խաչատրյանը և համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Մանուկ Մալոյանը:
Արարատի մարզի Խաչփար համայնքում ևս առաջադրվել է երկու թեկնածու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Ղազար Մարտիրոսյանը և անկուսակցական Կարեն Միկինյանը:
Արարատի մարզի Հայանիստ համայնքում առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանը:
Արարատի մարզի Նիզամի համայնքում ևս մեկ թեկնածու է առաջադրվել` ՀՀԿ-ական, համայնքի գործող ղեկավար Կարապետյան Հարութինը:
Արարատի մարզի Նորամարգ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու` ՀՀԿ-ականներ Արմեն Գևորգյանը և Արման Թադևոսյանը, ինչպես նաև անկուսակցական Արսեն Ղահրամանյանը:
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը և անկուսակցական Գրիգոր Մուրադյանը:
Արարատի մարզի Սիս համայնքում առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական, համայնքի գործող ղեկավար Արմեն Եղյանը:
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Էդվարդ Միրզոյանը: Մեկ այլ ՀՀԿ-ական` Շիրազ Առաքելյանն ինքնաբացարկ է ներկայացրել:
Լոռիի մարզի Լեռնավան համայնքում առաջադրվել է 2 թեկնածու` անկուսակցական Սամսոն Վարդանյանը և ՀՀԿ-ական Վաչագան Վարդանյանը:
Կոտայքի մարզի Հացավան համայնքում առաջադրվել է ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը: Անկուսակցական Մհեր Ղարիբյանը ինքնաբացարկ է ներկայացրել:
Շիրակի մարզի Վարդաքար և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում կկայանան միայն ավագանու ընտրություններ:
Մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ամենաշատ՝ 13, թեկնածու է առաջադրել իշխող Հանրապետական կուսակցությունը: Խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է 3 թեկնածու, ՀՅԴ-ն` մեկ թեկնածու: Առաջադրվել է ևս 8 անկուսակցական թեկնածու:
Քվեարկությունը կմեկնարկի մարտի 11-ին ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: