Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- պատասխանեց ՊՆ փոխնախարարը։
Սարգսյանը նշեց` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։