Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել է գրավով եւ կիրառել վարչական հսկողություն։
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի: