Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիեւն այցելել է Հայաստանի սահմանին գտնվող զորամասեր, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Պաշտպանության առաջին փոխնախարար-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը եւ նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են զորամասեր, որոնք գտնվում են Հայաստանի հետ սահմանին Գեդաբեկի, Դաշքեսանի եւ Քյալբաջարի շրջաններում։
Գլխավոր շտաբի պետը զինծառայողներին է ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջադրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, եւ կոնկրետ ցուցումներ է տվել դրանց կատարման համար։
Ստուգվել է զորքերի ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունը ստորաբաժանումներում։ Զեկուցվել է, որ դիրքերում իրականացվում է շարունակական, շուրջօրյա ծառայություն, կազմակերպված է մարտական հերթապահություն։
Լինելով հրետանային, ինժեներային եւ կոմանդոսների զորամասերում՝ Վելիեւը ստուգել է նրանց մարտական պատրաստվածությունը, լսել հրամանատարական կազմի զեկույցները ամենօրյա գործունեության եւ կիրառվող միջոցների մասին։ Տղեեկացվել է, որ խնդիրները կատարվում են պլանային կարգով, հատուկ ուշադրություն է դարձվում մարտական պատրաստվածության կազմակերպմանը։
Գլխավոր շտաբի պետը հետեւել է կոմանդոսների ստորաբաժանումներից մեկի մարտական պատրաստվածության ընթացքին եւ ուսումնական մարզումներին եւ կոնկրետ առաջադրանքներ տվել անձնակազմի հմտությունների հետագա կատարելագործման վերաբերյալ»,- տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին։