Search
Close this search box.

Կոկորդիլոսի գործարանը ձախողվեց, կառուցում ենք ցեմենտի գործարան

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը, ով հայ լայն հանրությանը հայտնի է որպես կոկորդիլոսագետ-կոկորդիլոսաբույծ, հիմա էլ որոշել է զբաղվել ցեմենտի բիզնեսով: Երբ Սարգսյանին Փաշինյանը նշանակել էր Արարատի մարզպետ, նա մարզը զարգացնելու համար խոստանում էր կոկորդիլոսաբուծարան կառուցել, համոզում էր, որ նույնիսկ ներդրող է գտել: Ինչպես հայտնի է այս ծրագիրը հաջողությամբ տապալվեց, որովհետև Փաշինյանական իշխանությունն ու նշանակված պաշտոնյաները հավաբուն չեն կարող կառուցել, ուր մնաց կակորդիլոսի ֆերմա, նրանք ընդունակ են միայն ուրիշի կառուցածը քանդել, ջարդել, ոչնչացնել:

Այդ հարցում նրանց հավասարը չկա: Հիմա, երբ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդիի համայնքապետ, այո նշանակել է, քանի որ Վեդիի բնակիչները մի անգամ ընտրություններով մերժեցին Սարգսյանին և ՔՊ-ին, բայց հետո նոր ընտրություններ կազմակերպվեցին և Սարգսյանը այսպես ասած զոռով հռչակվեց համայնքապետ, որոշել է ցեմենտի նոր գործարան կառուցելու համաձայնություն տալ:

Մենք արդեն գրել ենք, որ Վեդիի համայնքապետարանում տեղի է ունեցել հանրային քննարկման բեմականացում, որի բոլոր մասնակիցները դեմ են արտահայտվել նոր գործարանի կառուցման նախագծին: Վեդիի բնակիչները, մասնագետները և փորձագետները ներկայացրել են իրենց մտահոգությունները, որ նոր գործարանի կառուցումը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի, հանքավայրի շահագործումից առաջացած փոշին նստելու է մարդկանց տների և այգիների վրա, ոչնչացնելով հարյուրավոր ֆերմերների տարիների աշխատանքի արդյունքը, գործարանի շահագործումը պահանջում է հսկայական քանակության ջուր, որն առանց այն էլ սակավաջուր Արարատի մարզում խնդիր է, գյուղացիները ջուր չունեն իրենց այգիները ոռոգելու համար, իսկ եթե եղած ջրաքանակից մի բան էլ վերցվի և տրվի գործարանին, իսկ դա այդպես էլ կլինի, քանի որ այլ ջրաղբյուր չկա, ապա ընդհանրապես մարզը անապատի է վերածվելու, հանքավայրի ու գործարանի տարածքում ապրում են Կարմիր գրքում գրանցված և վերացման վանգի տակ գտնվող եզակի կենդանիներ, այդ թվում ընձառյուծը:

Արարատի մարզում արդեն կա ցեմենտի գործարան և գործող գործարանի աշխատակիցներն էլ մտահոգություն ունեն, որ նոր գործարանի կառուցման արդյունքում իրենք կարող են կորցնել իրենց աշխատանքը և եկամտի աղբյուրը, բայց չնայած այս մտահոգություններին, Գարիկ Սարգսյանը որոշել է, որ հանրային քննարկումը տեղի է ունեցել և տրվել է դրական եզրակացություն՝ գործարանի կառուցման համար: Մարդը ներկա չի եղել հանրային քննարկմանը, բայց որոշել է, որ հանրային քննարկման մասնակիցները դրական եզրակացություն են տվել: Նման մտքի փայլատակում հարիր է միայն փաշինյանական իշխանությանը, որին ոչ Հայաստանն է հետաքրքրում, ոչ Վեդին, ոչ բնությունը, և ոչ էլ առավել ևս մարդիկ: Իրենց հետաքրքրում է իրենց այսրոպեական շահը:

Ինչ կարող ենք ասել այս առիթով: Մեզ մնում է մխիթարվել այն մտքով, որ ինչպես փաշինյանական իշխանության ցանկացած ձեռնարկ, այս մեկը ևս այդպես էլ իրականություն չի դառնա, և կմնա որպես գաղափար այնպես, ինչպես օրինակ չկառուցվեց կոկորդիլոսի գործարանը, կամ աշխարհի ամենամեծ երկաթաձուլարանը, որը նույնպես պետք է կառուցվեր Արարատի մարզում, բայց ադրբեջանցիները կրակեցին գործարանի ուղղությամբ, ու ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Գարիկ Սարգսյանը և ոչ էլ որևէ իշխանավոր համարձակություն և պատասխանատվություն չդրսևորեց գալ և կրծքով պաշտպանել ներդրողին:

Ցեմենտի գործարանի նախագիծը կմնա նախագիծ` մի քանի նկատառումներից ելնելով. նախ շուտով Հայաստանում տեղի է ունենալու տնտեսական կոլապս, և շինարարական փուչիկը տրաքելու է, և Հայաստանին այլևս պետք չի լինի ցեմենտի լրացուցիչ խմբաքանակ, իսկ ոչ մի ներդրող իր փողը չի ներդնի մի նախագծում, վստահ չլինելով, որ այդ գումարը եկամտով հետ է վերադառնալու:

Տնտեսական կոլապսը իր հետ մաքրելու և տանելու է նաև փաշինյանական իշխանությանը, այդ թվում կոկորդիլոսի գործարանի գլխավոր ինժեներ-կոնստրուկտոր Գարիկ Սարգսյանին:

Այնուհետև երկրում հաստատվելու է նորմալ իշխանություն, որը և առաջնորդվելով երկրի և հասարակության իրական շահերով, կասեցնելու է բոլոր այն ծրագրերը, որոնք կարող են սպառնալիք լինել մարդկանց և բնությանը առհասարակ:

Չարի վերջը մոտ է:

ArmLife.am

Please enter a valid URL