Search
Close this search box.

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին, փոխանցում է «Լուրեր»-ը:

ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ:

«Ինձ հատկապես անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, հուշարձանների և խորհրդանիշների վրա համակցված հարձակումները, պատմության կեղծումը, տեղանունների ջնջումն ու հայերի մասին բացասական խոսակցությունները կարող են վերածվել մշակութային զտումների»,- ասել է ՄԱԿ-ի զեկուցողը:

Նա ընդգծել է, որ Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախոսության կապակցությամբ, որը հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն, ինչպես նաև հայկական ժառանգության ժխտման ռևիզիոնիստական միտման կապակցությամբ:

«Տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության փորձագետների ճնշող մեծամասնությունը հերքել է ռևիզիոնիստական պնդումները՝ դրանք համարելով կեղծ»,- նշված է զեկուցողի հաղորդագրությանմեջ: Նա ընդգծել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակվել է՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները (6-րդ կետ): Ճանապարհների փակման հետևանքով 120.000 մարդ մեկուսացվել և զրկվել է տարբեր ապրանքներից և ծառայություններից, ինչը ստեղծել է մարդասիրական ճգնաժամ ու կործանարար հետևանքներ ունեցել մարդու բազմաթիվ իրավունքների վրա։ Այսպիսով, ճգնաժամը կլինի հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական մոտեցման ուղղակի դրսևորումը։ Հենց որ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, կհաստատվի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները»,- եզրափակել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Please enter a valid URL