Search
Close this search box.

Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1–ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն

2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Խնդիրն այն է, որ ՀՀ ներմուծվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում` հիմնականում Վրաստանում, երբ ձևակերպվում և գրանցվում են, ապա ՀՀ–ում տնօրինվում են «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով:

Բանն այն է, որ ՀՀ ներմուծվող մեքենաները Վրաստանում գրանցվում են ավելի ցածր գնով, քան գործում է ԵԱՏՄ–ում։ Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի մասով:

«Դրա փոխարեն ՀՀ–ում շահագործվող, սակայն գրանցում չստացած այդ տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։
Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա:

 

Please enter a valid URL