Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու հետագա համագործակցության ոլորտները:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ինչպես Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, դրա հետևանքով բռնի տեղահանվածներին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցերին։
— Պարոն դեսպան, ինչպես գիտեք, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, ավելի քան 100 հազար հայ տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով իր ծննդավայրը, իր տունը: Ադրբեջանը սրանով, ըստ էության, իրականացրել է ԼՂ-ում իր էթնիկ զտման քաղաքականությունը: Նախ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքն այս իրավիճակի, Ադրբեջանի նման վարքագծի վերաբերյալ: Մինչև այս պահը մենք լսել ենք դատապարտող հայտարարություններ, սակայն ԵՄ-ն ինչո՞ւ գործուն քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:
— Թույլ տվեք հստակ ասել, որ Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և մենք կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ ենք ներդնում այս գործընթացում: Ինչպես ասացիք՝ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ուժի կիրառման դեմ և ի աջակցություն Ղարաբաղի հայերի իրավունքների: Քանի որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ծավալուն մեկնաբանություններ է տվել, ես այլ մեկնաբանություն չեմ անի այդ հարցերի վերաբերյալ:
— Ադրբեջանը դեռ 2021-ի մայիսից խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք: Կրկին կխնդրեմ ներկայացնեք այս փաստի առնչությամբ Ձեր դիրքորոշումը: ԵՄ-ն դիվանագիտական մակարդակում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, ճնշել Ադրբեջանին՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև վերադարձնելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին:
— Եվրամիությունը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության, նաև Երևանի ու Բաքվի հետ շփումների միջոցով, շատ հստակ հասկանում է տեղում իրավիճակը։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեն այս խնդիրները Հայաստանի համար և, ավելի լայն առումով, տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, ինչը մեր առաջնահերթ նպատակն է։ Եվրամիությունը բազմիցս կողմերին կոչ է արել երաշխավորել ուժի չկիրառումը և ապահովել ուժերի միջև հեռավորությունը՝ տեղում լարվածությունը և հնարավոր էսկալացիան նվազեցնելու համար։
Մենք նաև կոչ ենք արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստերի և հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացների շրջանակներում։ Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։