Ինձ ոչ մեկը չի պատվիրակել բանակցելու Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Դիտարկմանը, որ ինքը այդ մասին խոսել է Արցախի Աժ-ում եւ ունեցել է նրանց «դաբրոն», նա արձագանքեց. «Իրենք էդքան չկան, որ «դաբրո» տան: Տեղյակ են եղել, տեսաժապավենը կա, ձեր ուզած բոլոր հերոսները նստած են, ձեր խոնարհ ծառան ելույթ է ունենում, բոլորն էլ գլխով ասում են՝ այո: Ոչ մեկն ինձ հարց չի տալիս, չի ասում՝ պարոն Բաբայան, ձեզ ո՞վ է թույլ տվել, ոնց եք բանակցել, ինչ կետեր եք բանակցել, ինչի մասին եք խոսել»:
Հարցին՝ ո՞վ է ձեզ ներկայացրել բանակցություններում, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես անընդհատ ասում եմ՝ դա բանակցություններ չեն եղել: Դրանք եղել են սկզբունքներ, թե ինչ սկզբունքների շուրջ ենք նստում բանակցությունների: Ասենք, Ղարաբաղն ունենալու է իր բանակը, թե ոչ: Այդ կետերը քննչականում բոլորը կա: Երբ մի օր ավարտվի քննությունը կհրապարակեն: Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել, նա մինչեւ նախագահ ընտրվելը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար, իմ ելույթի ժամանակ այնտեղ է եղել, լսել է:
Դրանից հետո ինքը ճշտել է Ադրբեջանի անվտանգության տեղակալի հետ, նա էլ ասել է՝ նման փաստաթուղթ գոյություն չունի: Ճիշտ է ասել, որովհետեւ ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ: Ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել: Այսինքն ես չէ, իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»: