Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։
Նախագծի հիմնավորման համաձայն, որը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, «Առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր»:
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ սույն նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը:
Դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ:
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։