Փետրվարի 17-ին տարածվեց տեղեկություն, որ ուշ երեկոյան հանդիպել են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ որը դրա նախօրեին Սերժ Սարգսյանին տվել էր առաջադրվելու իր համաձայնությունը, եւ առաջին փոխվարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը: Նրանք, ըստ տարածված հաղորդագրության, քննարկել էին երկրի տնտեսության վիճակն ու հեռանկարները:
Թե որտեղ էր տեղի ունեցել հանդիպումը, չի ասվում: Ուշագրավ էր նաեւ, որ կառավարության կայքում օրինակ բացակայում էր հանդիպումից ընդհանուր որեւէ լուսանկար, եւ միայն պատերի ֆոնին առանձին Կարեն Կարապետյանի եւ Արմեն Սարգսյանի լուսանկարներն էին: Տպավորություն է, որ հանդիպում չի եղել, իսկ նրանք լուսանկարվել են տարբեր ժամանակահատվածներում, գուցե նույնիսկ համանման տարբեր հաստատությունների պատերի ֆոնին՝ պարզապես Սերժ Սարգսյանին նախազգուշացնելու համար:
Սերժ Սարգսյանը կարող է ունենալ Արմեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հանդիպումից անհանգստանալու պատճառ: Կամ, գուցե ոչ այնքան հանդիպումից ինքնին, որքան նրանց համատեղ խաղից, գործակցումից:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու եւ նրան Հայաստանի ներքին խաղի աշխույժ եւ անմիջական մասնակցություն առաջարկելու իմաստը ձեւավորող գործոններից կամ առաջադրելու շարժառիթներից մեկն էլ այն է, որ Սարգսյանն իր միջազգային տնտեսա-քաղաքական կապով լինի Կարեն Կարապետյանի ռուսական ֆինանսա-տնտեսական կապերի հակակշիռ:
Ի դեպ այդ առումով հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը Սփյուռքի ճանաչողական այցերը սկսեց Մոսկվայից, որը Հայաստանում ավելի ու ավելի մեծ դեր ստացող ռուսաստանահայ կապիտալի մայրաքաղաքն է:
Կլինի Սերժ Սարգսյանը վարչապետ, թե ոչ, նրան բոլոր դեպքերում անհրաժեշտ է հակակշռել կապիտալի բեւեռները, նկատի ունենալով այն, որ զուտ այդ բաղադրիչի մասով Սերժ Սարգսյանը եթե չի զիջում, ապա չի գերազանցում դրանց: Ըստ այդմ նրա համար կարեւոր է դառնում հակակշռելը, հատկապես կառավարման ներկայիս համակարգի պայմաններում, որտեղ ինչքան էլ ուժեղ լինի վարչապետի լիազորությունը, այդուհանդերձ առաջնային իշխանության մանդատը խորհրդարանինն է:
Իսկ Հայաստանի խորհրդարանը ձեւավորվում է կապիտալի հիմքով, գործում այդ հիմքով, այդ հիմքի վրա է խորհրդարանի դե ֆակտո իրական մեծամասնությունը: Այդ մեծամասնությանը կառավարելու համար էլ անհրաժեշտ է կառավարել կապիտալի բաշխվածությունը, դրա կրող խոշոր բեւեռներին, ինչը բնականոն ռեժիմով իրականացնելու մեխանիզմը հակակշիռների համակարգն է:
Եթե Արմեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը պայմանավորվեն ռազմավարական գործակցության շուրջ, ապա Սերժ Սարգսյանը կամ պետք է կիրառի ուժ, կամ պետք է նրանց թողնի իշխանությունը՝ դե յուրե կամ դե ֆակտո, կամ երկուսը միասին:
Կա իհարկե Գագիկ Ծառուկյանը, բայց Արմեն Սարգսյան-Կարապետյան գործակցության դեպքում Ծառուկյանի վարքը կլինի Սերժ Սարգսյանի համար դժվար կանխատեսելի:
Իհարկե, Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը հազիվ թե անեին լուսանկարչական իմիտացիա: Սերժ Սարգսյանին հազիվ թե հնարավոր լինի խաղարկել «ֆոտոշոփով»: Նաեւ հետաքրքիր է, որ նրանց հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ արդեն եղել է Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան «վերջնական» խոսակցությունը, եւ բավական բարդ է որեւէ բան հետ շրջելը:
Միաժամանակ ուշագրավ է, որ Սարգսյան-Կարապետյան հանդիպումը եղել է «ուշ երեկոյան»: Ինչու՞: Դա նշանակում է, որ հազի՞վ են բազմազբաղ առօրյայում ժամանակ գտել, թե՞ առաջացել է հանդիպման հրատապ անհրաժեշտություն:
Իհարկե միարժեք չէ, որ Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի դեմ տանդեմ ձեւավորելու պայմանավորվածության համար: Բայց նրանք անկասկած ունեն ընդհանուր խնդիրներ եւ ինչ որ իմաստով բավական նման ճակատագիր ու փորձառություն հայաստանյան համակարգում:
Նրանք երկուսն էլ գործնականում կանգնած են Սերժ Սարգսյանի խաղի «դետալներ» լինելու եւ խաղացող լինելու ճամփաբաժանում: Հարցն այն է՝ իրենց շանսը տեսնում են համատեղ խաղի՞, թե միմյանց «խաղից դուրս թողնելու» մեջ:
lragir.am