Search
Close this search box.

Վաշինգտոնը սպասում է Բաքվի և Երևանի որոշումներին․ Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները պատրաստ է և՛ աջակցել Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա Անդրկովկասով առևտրային ճանապարհ ստեղծելու փորձերին, և՛ արգելափակել նման նախագծերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժ կիրառելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա խոսել է լրագրողների համար հատուկ ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի՝ այս շաբաթ Եվրոպա կատարած այցին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք տեսնում ենք իրական հնարավորություն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար: <...> Եվ դրա միջոցով մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե առևտուրը Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով հոսեր Թուրքիա, ապա դա զգալի խթան կհանդիսանար այս առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Եվ մենք կողջունեինք դրա մաս լինելու հնարավորությունը», — ասել է ամերիկացի պաշտոնյան: Միևնույն ժամանակ, ինչպես նախազգուշացրել է դիվանագետը, «եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով», ապա ամերիկյան իշխանությունները «ստիպված կլինեն օգտագործել ցանկացած հնարավոր գործիք՝ կանխելու նման տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումը»։ Օ’Բրայենը չի խորացել մանրամասների մեջ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը սպասում է Բաքվի և Երևանի որոշումներին։ «Մենք կողմերին շատ պարզ հասկացրել ենք այն, ինչ ակնկալում ենք տեսնել: Եվ նաև, թե ինչ հետևանքներ կունենան հակառակ տեսակի շարժումները։ Այսպիսով, կտեսնենք, թե ինչ կորոշեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շուտափույթ խաղաղության համաձայնության հասնելու համար, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Please enter a valid URL