Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հարցին, թե միջադեպի մասնակիցները հրավիրվո՞ւմ են հարցաքննության, Տռուզյանը տվեց նույն պատասխանը: Նա ասաց, որ քննության արդյունքների մասին կտեղեկացնեն հանրությանը:
Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով:
118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Իսկ 258-րդ հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում փետրվարի 13-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, ինչի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:
Փաստի առիթով ոստիկանություն էին դիմել թե՛ «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները, թե՛ քաղաքապետարանը: