Search
Close this search box.

Ի՞նչ կրթություն ունեն տարածաշրջանի առաջնորդները

Ակադեմիական կրթություն ստացած, կյանքի դպրոցն անցած, ազգանվեր, շրջահայաց, պետական մտածողություն ունեցող, կիրթ ու իմաստուն առաջնորդները հազվագյուտ հարստություն են ցանկացած ազգի համար։ Իհարկե, այդ բոլոր որակների համատեղումը մեկ անձի մեջ անհնարին է, եւ որեւէ երկրի առաջնորդից չի պահանջվում քայլող համակարգիչ լինել կամ բոլոր ոլորտների մեծ մասնագետ։ Բայց երբ ուսումնասիրում ենք ժամանակակից աշխարհի առաջադեմ երկրների, տարբեր հաջողակ ղեկավարների կենսագրությունն ու փորձը, նման հատկանիշների հանդիպում ենք, իսկ առաջադեմ հասարակությունները հատկապես լավ կրթություն ու դաստիարակություն ստացած մարդկանց են առաջ քաշում ու իրենց ղեկավար կարգում։ 

Բաց աղբյուրներից հավաքած տեղեկատվության միջոցով որոշեցինք ներկայացնել, թե ովքեր են կառավարում մեր տարածաշրջանում, ինչպիսի առաջնորդներ են ընտրել հայերը, վրացիները, իրանցիները, ադրբեջանցիները, թուրքերը։
Եվ այսպես․  

Նիկոլ Փաշինյան — ՀՀ վարչապետ։ Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջեւան քաղաքում: Ավարտել է Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում քաղաքական դրդապատճառներով հեռացվել է ԵՊՀ-ից (Փաշինյանի վարկածն է՝ խմբ․):

Սեյիդ Իբրահիմ Ռաիսի — Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ։ Ծնվել է 1960 թ․ դեկտեմբերի 14-ին՝ Իրանում։ Նախնական կրթությունը ստացել է մեդրեսեներից մեկում՝ Մեշհեդում, 15 տարեկանում՝ 1975 թվականին, Ռաիսին սկսել է սովորել Կում քաղաքի մեդրեսեում։ Դրանից հետո սովորել է նաեւ Թեհրանի Մահալի Նավվաբի դպրոցում, ինչպես նաեւ այաթոլլա Սայիդ Մուհամմադ Մուսավի-Նեջադի դպրոցում։ Ունի մասնավոր իրավունքի դոկտորի աստիճան Մոտահարիի համալսարանում։

Ի դեպ, որոշ իրանական ԶԼՄ-ներ պնդում են, որ ոչ մի հավաստի աղբյուր կամ ապացույց չկա, որը կհաստատի Ռաիսիի՝ միջնակարգ կրթություն ստանալու փաստը։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել Ռաիսիի կենսագրությանը նրա նախընտրական քարոզարշավի կայքում, որտեղ հիշատակվում է միայն նրա տարրական կրթությունը, իսկ միջնակարգ դպրոցի ավարտի մասին եւս ոչինչ չի ասվում։ Ռաիսին հերքել է իր մոտ միջնակարգ կրթության բացակայությունը եւ հայտարարել, որ ունի մասնավոր իրավունքի դոկտորի աստիճան, որը ստացել է Մոտահարիի համալսարանում, սակայն նրա այդ հայտարարությունն էլ ապացույցներ չունի եւ վիճարկվում է նրա ընդդիմախոսների եւ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից։

Ալիեւ Իլհամ — Ադրբեջանի նախագահ․ ծնվել է 1961 թ․, Բաքվում։ Սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմագիտության թեկնածուի, ապա քաղաքագիտության դոկտորի աստիճան։ 

Իրակլի Ղարիբաշվիլի — Վրաստանի վարչապետ․ ծնվել է 1982 թվականին։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Ռեջեփ Թայիբ Էրդողան — Թուրքիայի նախագահ․ ծնվել է 1954 թ․ փետրվարի 26-ին՝ Ստամբուլում։ 1965 թվականին Էրդողանն ավարտել է Պիալե փաշայի տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին՝ Ստամբուլի Իմամ-խաթիբովի կրոնական վարժարանը։ Դիպլոմը ստացել է՝ ավարտական քննություններ հանձնելով Էյյուփ վարժարանում։
Թե տարածաշրջանի երկրների ղեկավարներից որն է ավելի ուսյալ, որը՝ ոչ այնքան, դատեք ինքներդ։
 
Hraparak.am

Please enter a valid URL