Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են՝ Շահրամանյան «սվոյ չելովեկ»

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննությունը երեկ գաղտնիության ռեժիմում անցավ, բայց ջերմ մթնոլորտում: Չնայած ՔՊ-ականները որոշել էին նրա վախը բռնել, որ երբեւէ քաղաքական ակտիվության մասին չմտածի, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ ո՛չ նման մտադրություն ունի, ո՛չ ցանկություն, եւ անտրտունջ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք դուրս են եղել հանձնաժողովի իրավասության շրջանակից։

Պատերազմից 4 ամիս առաջ Շահրամանյանն ԱՀ ԱԱԾ տնօրենն էր, իսկ պատերազմի օրերին՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարը: Նրան հարցրել են` ունեցե՞լ եք օպերատիվ տվյալներ հնարավոր պատերազմի մասին, վստահեցրել է, որ ոչ` պատերազմի որեւէ նախանշան չի եղել։ Ի զարմանս ՔՊ-ականների, ԱՀ նախագահը պատասխանել է նաեւ պատերազմին չվերաբերող հարցերին:

Դիցուք, հարցրել են` ինչո՞ւ է համաձայնել ստանձնել նախագահի պաշտոնը, երբ Արցախը փակուղային վիճակում էր, ինչո՞ւ է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը: Նա պատասխանել է, անգամ երկար-բարակ պատմել է նախկին նախագահների՝ Արցախում վերջին օրերի կյանքի մասին՝ որտեղ էին ապրում եւ այլն։

Բացահայտումներ չի արել` նրա ասածները հիմնականում հայտնի էին, ասել է, որ նախկին նախագահները գտնվել են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, իսկ մյուս պաշտոնյաները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը։ Հարցրել են բենզինի բաքի ողբերգական պայթյունից` դա ադրբեջանցիների կողմից տեռա՞կտ էր, Շահրամանյանը վստահեցրել է, որ պատկան մարմինների անփութության հետեւանք էր։

Ապա հավաստիացրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների: Ասել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել ԱՀ պետական ինստիտուտները պահպանելու համար։ Հանդիպումն այնքան է ոգեւորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին` սեղան են գցել հենց ԱԺ-ում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL