Երևանի ավագանու նոյեմբերի 21-ին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներն ու ականատեսները կհարցաքննվեն։
Oragir.News-ի տեղեկություններով՝ միջադեպին մասնակից ավագանու անդամներին և ականատեսներին ծանուցումներ են գնացել հարցաքննվելու համար։ Ոստիկանության կենտրոնական բաժնից ծանուցումներ են ուղարկվել ինչպես միջադեպի մասնակիցների, այնպես էլ ականատեսների աշխատավայրեր և բնակության հասցեներ։ Սա ենթադրում է, որ ավագանու բոլոր անդամներից և թաղապետերից բացի հարցաքննվելու է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանի որ նա ևս ներկա էր միջադեպին և փորձում էր հանգստացնել կողմերին՝ ինչպես նիստերի դահլիճում,այնպես էլ միջանցքներում։Նշենք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածով: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու հատկանիշներով»,- հայտնել են ՔԿ-ից։Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստում վիճաբանություն է սկսվել «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, ինչը վերածվել էր ծեծկռտուքի: Անի Խաչատրյանը Սոնա Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» անվանեց՝ ակնարկելով տարիներ առաջ Սոնա Աղեկյանի կողմից Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ լցված կոյուղաջրի պատմությունը, ինչից հետո Աղեկյանը ջուր լցրեց Անի Խաչատրյանի վրա, որին էլ հաջորդեց քաշքշուկը, ապա ծեծկռտուքը, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: