Search
Close this search box.

Ուզած-չուզած՝ ավելի թանկ ենք մեքենաները վաճառելու, մեզ ստիպում են հավելյալ հարկեր վճարել. ավտոներկրողների բողոքի ակցիան

Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրուցյում ասել է, որ կան գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։

«Հայտնի է, որ դրսից ներկրած ավտոմեքենաների արժեքները շատ ավելի ձեռնտու են, քան այստեղ գործող արժեքները։ Այդ պատճառով շատ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են թեկուզ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։ Ի՞նչն է խնդիրը։

Մեզ նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդի հետ, ու փաստացի արձանագրվում է նաև մեքենայի գինը՝ գործող օրենքների ու հարկերի համաձայն։ Ամեն ինչ արվում է սպիտակ դաշտում, ոչ մի թաքուն բան չկա։ Եվ այն գները, որոնցով մքենաները դուրս են գալիս աճուրդի, պարզ տեսնում են նաև մեր ՊԵԿ-ում, և մեքենաների մաքսազերծումն էլ, բնականաբար, այդ թվով է կատարվում»,- ասել է նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից նշում է.

«Մեզ պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Ու ըստ օրենքի` եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն` եթե ավտոմեքենան ինձ վրա նստել է 10.000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»:

Նրանք նշում են, որ ուզած-չուզած՝ ավելի թանկ են մեքենաները վաճառելու, քանի որ իրենց ստիպում են հավելյալ հարկեր վճարել:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Please enter a valid URL