«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երևանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին կզեկուցեն 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին: Այս անգամ հերթը Սամվել Ալեքսանյանի զարմիկինն էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանինը։
Մեր աղբյուրները չեն բացառում, որ Մարգարյանի կազմակերպած «ստուգարքից» «կտրվողներ» լինեն, որոշ թաղապետեր փոխվեն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլից հետո, երբ կլրանա, ասենք, Գագիկ Բեգլարյանի որդու 25-ամյակը, և նա օրենքով հնարավորություն կունենա զբաղեցնել թաղապետի պաշտոնը։ Իսկ Հրանտ Գագիկի Բեգլարյանի 25 տարին լրանում է մայիսի 23-ին։
Հիշեցնենք, որ այժմ նա Կենտրոնի փոխթաղապետն է՝ Արա Սադոյանի տեղակալը, ում եղբորը՝ Ռուբեն Սադոյանին, Բեգլարյանը գործուղեց Վրաստանում Հայաստանի դեսպան՝ սրանով կոմպենսացնելով թաղապետ եղբոր մոտալուտ պաշտոնանկությունը։
Հեռացողների շարքում նշվում է նաև Շենգավիթի թաղապետի անունը․ Արմեն Սարգսյանը 58 տարեկան է ու «հոգնած» մոտեցում է ցուցաբերում աշխատանքին։ Հնարավոր է պաշտոնին հրաժեշտ տա նաև Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, իսկ Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը հնարավոր է տեղափոխվի քաղաքապետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: