Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից, փոխարենը Ուկրաինան է հրապարակավ հայտարարել, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, ինչպես նաև ստորագրվել է պետության ղեկավարի դեկրետը, որն արգելում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում:
«Անշուշտ, պետք է մտածենք՝ ինչպես վերջ տալ այդ ողբերգությանը։ Որոշ գործընկերներ արդեն իրենց ելույթներում ասում էին, որ իրենց ցնցում է Ուկրաինայում Ռուսաստանի շարունակական ագրեսիան։ Այո, իհարկե, ռազմական գործողությունները միշտ ողբերգություն են։ Կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, և ընդհանրապես երկրի, և, անշուշտ, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես վերջ տալ այդ ողբերգությանը»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ համաշխարհային տնտեսության մեջ տուրբուլենտությունը հրահրել են ոչ թե Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, այլ Արևմուտքի գործողությունները տնտեսական ոլորտում։
«Տրիլիոնավոր դոլարների և եվրոյի ներդրումը տնտեսության, բանկային համակարգի մեջ հրահրել է գլոբալ գնաճի ալիք, սննդամթերքի և էներգակիրների գների սրընթաց աճ: Հենց դա է ընկած իրադարձությունների հիմքում», — մանրամասնել է Պուտինը։
Ըստ նրա՝ առանցքային տոկոսադրույքների բարձրացման պատճառով ամենից շատ տուժել են ամենաաղքատ երկրները: