«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ:
«Միջանցքը Փաշինյանի կողմից պարտված գաղափար է։ Տեսականորեն այդ հարցում պետք է մասնակցություն ունենային Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բայց հիմա այդ միջանցքը էլ ոչ մեկին պետք չէ։ Հիմա Փաշինյանը փորձում է վաճառել միջանցքի գաղափարը, բայց ոչ ոք չի առնում։
Իսկ նախկինում, երբ նրան առաջարկում էին, նա իրեն էր թանկացնում»,- նշեց վերլուծաբանը մեզ հետ զրույցում։ Ըստ Տարասովի՝ ներկայում Թուրքիան այլեւս չի պնդելու Զանգեզուրի միջանցքի գաղափարը` Ադրբեջանը Նախիջեւանի հետ է կապվելու Իրանի տարածքով։ Համաձայնագիրն Իրանը ստորագրել է մոտ 1 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։
Մոսկվան ու Թեհրանը շուտով կավարտեն նոր՝ 160 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի կառուցումը՝ երկաթգծի, որն անցնում է Կասից ծովի երկայնքով ու հասնում Ադրբեջանի սահման։
Այսինքն՝ կարծում եք, որ Սյունիքով ճանապարհն էլ պետք չէ՞ Թուրքիային եւ Ադրբեջանին։ «Ճանապարհ գուցեեւ լինի, պոտենցիալ առումով այդ նախագծից չեն հրաժարվել, հնարավոր է, որ այդ գաղափարին վերադառնան, բայց ոչ հիմա։ Թուրքիան առաջարկում էր նորմալ պայմանավորվել, ստեղծել Զանգեզուրի միջանցք, բայց սկզբից հայերը, հետո էլ արդեն Իրանը տարածեցին, թե Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի։ Ադրբեջանն էլ զգաց, որ վառոդի հոտ է գալիս, ու այժմ հրաժարվում է այդ գաղափարից, ասելով՝ մենք կարող ենք մտնել Նախիջեւան Իրանի տարածքով։
Տարբերությունը 5-6 կմ է։ Ընդ որում, այդ միջանցքը լինելու է Իրանի հսկողության տակ, եւ Իրանն էլ չի անհանգստանա։ Այնպես որ, եթե ֆրանսիացիները կամ ամերիկացիներն ուզում են ձեզ օգնել, թող օգնեն։ Այնպես որ, Հայաստանը գտնվում է այնպիսի, մեղմ ասած, խոր փոսի մեջ, որտեղ ինքն է իրեն տեղավորել»։