«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երեւանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։ Հավաքի թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: Եթե հիշում եք` ՔՊ-ն քաղաքապետարանում իշխանություն դարձավ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի շնորհիվ, որի արդյունքում վարչական շրջանների 3 ղեկավարների եւ մեկ փոխքաղաքապետի պաշտոնը զիջեցին կոալիցիոն գործընկերոջը: Հիմա ՔՊ-ն որոշել է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների մեջ եւ նրանցից վերցնել մի կարեւոր լիազորություն։ Խոսքը համայնքային մշակույթի կենտրոնների, սպորտդպրոցների տնօրենների նշանակման իրավունքի մասին է, որն ուզում են վերցնել թաղապետերի ձեռքից եւ տալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։ «Հանրապետությունը» շատ ծանր է տարել այս խոսակցությունը, եւ այդ ոտնձգությունը` իրենց նորանշանակ թաղապետերի իրավասությունների նկատմամբ, թունդ վեճի պատճառ է դարձել: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել այդ փոփոխությանը։
Նույն օրը թեժ քննարկում է եղել մեկ այլ կառուցվածքային փոփոխության վերաբերյալ նույնպես, որով քաղաքապետարանի որոշ վարչություններ վերածվում են բաժինների, որոնց կուրացիան ոչ թե փոխքաղաքապետերը պետք է իրականացնեն, այլ խոշոր վարչությունների պետերը։ Մեր աղբյուրի պատմելով՝ այս փոփոխությանը դեմ են արտահայտվել անգամ ավագանու ՔՊ-ական մի քանի անդամներ։ Նիստն ավարտվել է ուշ երեկոյան, «Հանրապետությունը» կարողացել է հասնել նրան, որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող` հրատապության կարգով բերված երկու նախագծերը հետ կանչվեն եւ ուղարկվեն լրամշակման։ Հավանաբար հույս ունեն, որ հետո ղեկավարությունը կբանակցի եւ կհասնի նրան, որ դրանք այլեւս օրակարգ չբերվեն:
«Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ երեկոյան հանդիպում է եղել։ «Միշտ ենք ունենում հանդիպում՝ օրակարգի բոլոր հարցերը, ըստ հերթականության, քննարկում ենք։ Ես այդ նախագծին դեմ չեմ արտահայտվել, պարզապես այն եկել է հրատապ կարգով, ու քանի որ խոր ուսումնասիրության կարիք է եղել, որոշել ենք թողնել հետո»,- ասաց նա։
Մեր ճշտող հարցին՝ այդ նախագծով կրճատվում էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության երեք թաղապետերի լիազորություննե՞րը, գուցե դա՞ է եղել պատճառը, որ ձեր ֆրակցիան դեմ է արտահայտվել, Խաչատրյանն ասաց․ «Առհասարակ, ես ուզել եմ հասկանալ՝ Երեւանի համար ինչն է շահեկան՝ այդ հաստատությունների տնօրենների ընտրությունը մնա վարչական շրջանի ղեկավարների լիազորությա՞ն, թե՞ քաղաքապետարանի տակ։ Վարչական շրջանի լիազորությունները պակասեցնելու խնդրի շուրջ չի եղել մեր քննարկումը»։
Խոսելով մյուս կառուցվածքային փոփոխությունից, ըստ որի՝ վարչությունները դառնում են բաժիններ, իսկ փոխքաղաքապետերն այլեւս կուրացիա անել չեն կարող բաժինների աշխատանքը, Խաչատրյանն արձագանքեց․ «Այն, որ վարչությունները բաժիններ են դառնում, դա չի նշանակում, որ փոխքաղաքապետերի վրայից կուրացիաները դուրս են գալիս»։