Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ում 2 ժամանոց փակ հանդիպում են ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մոտ 2 ժամանոց փակ հանդիպում է տեղի ունեցել։ Քննարկել են պարտադիր բժշկական ապահովագրության հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ 2024-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն: Եվ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամենամսյա գումար պետք է վճարեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։ Սակայն ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ` երկու տարի փորձնական շրջանով։

Առաջին փուլում առողջական ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ որոշ այլ խմբեր։ Եթե մարդը եկամուտ չունի, կամ այն միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից, ինչը նույնպես գոյանում է նույն աշխատող քաղաքացիների վճարած հարկերից։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել այն դրույթների հետ կապված, որ ապահովագրական ընկերությունները լինելու են պետական հիմնադրամներ, ռիսկեր են տեսել հարկատուների միջոցները վատնելու հարցում, սակայն Ավանեսյանը հակադարձել է, որ եթե ապահովագրողները մասնավոր ընկերություններ լինեն, ապա նրանք էլ կուղղորդեն դեպի իրենց սեփական հիվանդանոցներ, եւ կոռուպցիոն սխեմա կգործի։

Դժգոհություն է եղել նաեւ գումարի չափի հարցում՝ տարեկան 16-180 հազար դրամ է կազմելու առողջության ապահովագրումը, ինչը պատգամավորներից ոմանք մեծ գումար են համարել։ Պայմանավորվել են կրկին հանդիպել՝ թեկուզ այլ ֆորմատով քննարկելու այս ծրագիրը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL