Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացվել էին տվյալներ, որ Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի նկուղում աճեցնում են սունկ ու վաճառում:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նոյեմբերի 17-ին կատարված ստուգմամբ պարզվեց, որ դպրոցի տնօրենի գիտությամբ և թույլտվությամբ նրա որդին ձևափոխել և օգտագործել է դպրոցի գործող ուսումնական մասնաշենքի նկուղը` հարմարեցնելով սնկի աճեցման:
Տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց: Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: