Search
Close this search box.

Ալիևը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան ներկայացրել է որպես հաջողված օրինակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան ներկայացրել է որպես հաջողված օրինակ, թե ինչպես կարելի է ռազմական գործողություն իրականացնել՝ խաղաղ բնակչության շրջանում զրոյական զոհերով։

Նոյեմբերի 20-ին Բաքվում Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի համար հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ երեք տարի շարունակ Հայաստանի հետ անմիջական շփումների միջոցով, միջազգային միջնորդների միջոցով ինքը փորձել է հասկացնել, որ «մենք չենք կարող թույլ տալ ապօրինի անջատողական ռեժիմի գոյությունը նույնիսկ Ադրբեջանի մի փոքր հատվածում»։ «Բայց, ցավոք, Հայաստանի կառավարությունը մեզ չլսեց։ Նա լսեց իր խորհրդականներին Արևմուտքում, բայց նրանք լավ խորհուրդներ չտվեցին։ Ցավոք, նրանց խորհուրդն էր՝ որքան հնարավոր է երկար պահել զորախումբը մեր տարածքում։

Այս տարվա սեպտեմբերին մեր համբերության վերջը եկավ, և մենք հակաահաբեկչական գործողություն իրականացրեցինք մեր ինքնիշխան տարածքում՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան։ Գործողությունը տեւել է 24 ժամից էլ քիչ, եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չեն եղել։ Կարծում եմ, այն ֆոնին, ինչ տեղի է ունենում այժմ Մերձավոր Արևելքում, սա պետք է դառնա օրինակ, թե ինչպես կարելի է ռազմական գործողություն իրականացնել՝ խաղաղ բնակչության շրջանում զրոյական զոհերով»,- ասել է Ալիևը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի համար տասնյակ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեք երեխաների մահը «զրոյական ցուցանիշ է»։ Բայց նույնիսկ եթե Ալիևի՝ երեխաների մահը թաքցնելու փորձերը հաջողությամբ պսակվեն, ոչ մի կերպ չի լինի թաքցնել տարածաշրջանի ավելի քան հարյուր հազար բնիկ բնակիչների գաղթը:

Please enter a valid URL