Search
Close this search box.

Ապրիլյան հերոսը հայտնվել է դատարանում

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավորներ՝ դատավոր Մհեր Արղամանյանի և դատավորներ Սերգեյ Չիչոյանի և Ռուբիկ Խաչատրյանի մասնակցությամբ, շարունակվեց ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մանուկյանի գործով դատական քննությունը, այն է ՝ բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով 25-ամյա հերոսը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման: Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանը, ով պատերազմի ժամանակ իր վիրավոր զինվորին փրկելիս վիրավորվել էր Թալիշում և առողջական ծանր խնդիրներ ձեռք բերել, 16 օր ծառայությանը չներկայանալու համար (ծառայությանը չներկայացած օրերին բուժում է ստացել ձեռքբերված հետտրավմատիկ սթրեսային խանգարման համար) դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով:

Նշենք, որ անցած 2 դատական նիստը չէին կայացել պաշտպանի բացակայության և դատավորների ամբողջական կազմը համալրված չլինելու պատճառով: Այսօրվա դատական նիստին պաշտպան Դավիթ Մնացականյանը կրկին չէր ներկայացել դատարան և դատական նիստի նշանակված նիստի ժամից 15 րոպե անց Իրավաբան.net-ի լրագրողը կապ հաստատեց Դավիթ Մնացականյանի հետ, որից հետո հայտնի դարձավ, որ նա ազատվել է հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքից, իր վարույթում եղած գործերը հանձնել է։ Այս տեղեկությունը մեր լրագրողը հայտնեց դատարանին։

Որոշ ժամանակ անց, երբ դատական նիստը դատարանը հայտարարեց բացված, դատարանը հայտարարեց, որ քիչ առաջ էլեկտրոնային նամակով դատարանը ՀՀ փաստաբանների պալատ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի կողմից ստացել է 02.02.2018 թիվ 641/18-Ա որոշումը՝ հանրային պաշտպան Սերգեյ Մանուկյանին քրեական այս գործը հաձնելու մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Մանուկյանը դեռ նոր է ներգրավվելու այս գործում որպես պաշտպան և լսելով Վլադիմիր Մանուկյանի այն կարծիքը, որ հանրային պաշտպան ունենալն իր համար կարևոր է (իսկ Վլադիմիր Մանուկյանը դա շեշտեց, քանի որ դատարանը հարց ուղղեց նրան, թե արդյո՞ք առանց պաշտպանի կարող է շարունակել գործի քննությունը) և լսելով դատախազ Վահագն Իսկանդարյանի այն կարծիքը, որ պետք է պաշտպանել Վլադիմիր Մանուկյանին սահմանադրական կարգով վերապահված իրավունքը, դատարանը դատական նիստը հետաձգեց և հաջորդ դատական նիստի օր նշանակեց մարտի վերջին: Ի դեպ, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաև հանրային պաշտպան Սերգեյ Մանուկյանը, մինչդեռ այս գործը նրան հանձնելու որոշումն ընդունվել է 18 օր առաջ։

Սերգեյ Հակոբյան Իրավաբան.net

Please enter a valid URL