Search
Close this search box.

Մենք պատրաստ էինք ապահովել Բաքվի պատվիրակության անվտանգությունը, բայց չեն եկել. Խանդանյան

Առանց որեւէ պարզաբանումների՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին, որն այսօր մեկնարկեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Չնայած նրան, որ հայկական կողմը պաշտոնապես երաշխավորել է ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունը, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն չի ապահովել իր ներկայությունը։

«Պարզաբանումներ չեն ներկայացվել, թե ինչու այդ երկրների պատվիրակությունները չեն մասնակցում Երեւանում ընթացող նստաշրջանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը։

Խանդանյանին հայտնի է միայն, որ Ռուսաստանի պատվիրակությունն է նամակով դիմել Խորհրդարանական վեհաժողովի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատգամավորները չեն մասնակցելու այս նստաշրջանին։ Անդրադառնալով Ադրբեջանի չներկայացվածությանը՝ պատգամավորն ասաց, որ այդ երկրի պատվիրակության անդամները տարբեր ֆորմատներում մի քանի անգամ հարց են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության վերաբերյալ։

«Հայաստանի Ազգային ժողովը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ասել է, որ պատրաստ է ապահովել ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունը, բայց ինչպես տեսնում եք Ադրբեջանի պատգամավորները չկան»,-նշեց նա՝ ասելով, որ անվտանգության պրոտոկոլներով պատրաստ են ապահովել Ադրբեջանի մեջլիսի պատգամավորների անվտանգությունը ինչպես նախորդ տարի փետրվարին՝ «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին ներկա ադրբեջանցի պատգամավորների դեպքում․ «Չեն եկել, դա արդեն իրենց որոշելիքն է»։

Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ-ի ժամանակ ընդունված որոշումներն իրենց համար ընդունելի չեն կարող լինել, Խանդանյանն ասաց՝ այս նստաշրջանին բանաձեւեր չեն ընդունվելու, չկա այս պահին շրջանառվող որեւէ տեքստ։ 

«Այսօր մի շարք պատվիրակներ նշեցին, որ աջակցում են Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ես ենթադրում եմ, որ թեմատիկ քննարկումների ընթացքում անդրադարձ է լինելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին»,-նշեց նա։

Please enter a valid URL