Search
Close this search box.

«Կառավարության անդամները հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները». «Մայր Հայաստան»

Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Նա նաեւ նշել է. «Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:

Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները:

Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը:

Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում:

Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով»:

Please enter a valid URL