ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուսով է, որ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նոր նախագահական ժամկետի համար և վստահ է նրա հաղթանակում։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դժվար է ասել, թե երկրի հաջորդ ղեկավարը կկարողանա արդյոք իր պաշտոնում պահպանել այն ամենը, ինչին հասել է Պուտինը։
«Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա դա կանի։ Ես չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա շարունակելու է մնալ մեր նախագահը։ Իսկ հետո՝ կտեսնենք», — նշել է Պեսկովն՝ ուսանողական լրատվական МГИМО 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանի հաջորդ նախագահը պետք է լինի «նույնպիսին», ինչ Վլադիմիր Պուտինը, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
«Նույնպիսին»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի հաջորդ նախագահը։ Ի պատասխան ճշտող հարցին, թե դա հնարավոր է արդյոք, Պեսկովը նշել է. «Կամ տարբեր, բայց նույնպիսին»։
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Դաշնային խորհուրդն ընտրությունների օրվա վերաբերյալ պաշտոնական որոշում կկայացնի 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։ Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։