«Չպետք է սպասել հարձակման, պետք է նախահարձակ լինել: Մեր մեծ խոսելու, ոչինչ չանելու պատճառով Նախիջևանում մեր դեմ ռազմական բռունցք է ստեղծվել, պետք է պատերազմին պատրաստվենք»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը՝ հիշեցնելով, որ իրավական, քաղաքական գործընթաց պետք է սկսել նաև 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Սովետական Ռուսաստանի միջև կնքված Դրո-Լեգրան պայմանագրի մասով, որ ՌԴ-ն խլել է Հայաստանից Նախիջևանը և հանձնել՝ առանց իրավական հիմքերի։ Լևոն Շիրինյանի խոսքով՝ հակառակորդի համար հարձակման հարմար դիրք կարող է լինել նաև ապրիլյան պատերազմում մեր կորցրած Լելե-թեփեն, որը անհրաժեշտ է հետ բերել։
«Հայաստանն այսօրվանից պետք է կանխարգելիչ պատերազմի քաղաքականություն որդեգրի. եթե ապրիլյան պատերազմից առաջ որդեգրած լինեինք՝ էդ զոհերը չէինք ունենա, եթե մի օր առաջ հայկական հրետանին աշխատեր և դրանց կուտակումները ելման դիրքում ոչնչացներ, մենք զոհեր չէինք ունենա: Ես վստահ եմ, որ կկարողանայինք պատերազմական գործողությունները տեղափոխել դեպի Ադրբեջանի տարածք և շարժվել դեպի Կուր-Արաքս խառնարան»։
Շիրինյանը բանակին առաջարկում է գնալ և խփել Կուր-Արաքսի հատման կետում գտնվող Սաբիրաբադ քաղաքը, իսկ եթե հակառակորդը թպրտա՝ չվախենալ, հաղթելու շանսերը մերն են։
«Մենք պետք է գնանք և թալիշական հանրապետություն ստեղծենք, Ադրբեջանը պիտի փլվի։ Հիմա ռեսուրս ունենք, թե չէ, ասում են՝ չէ, էհ, 25 տարի նստենք, էլի չենք ունենա, էդ ռեսուրսը պիտի նախապատրաստել, պիտի շատ հաճախ գնալ ռիսկային գործողությունների, նահանջելու, պարտվելու շանս չունենք. սա պիտի հասկանանք»,- ընդգծեց նա։