Երևանում հերթական անգամ վնասել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:Նոյեմբերի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն, ով հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և ինքը Zhongtong մակնիշի ավտոբուսով, որի մեջ եղել են ուղևորներ, Նուբարաշենի խճուղում վարելիս ընթացքի ժամանակ անհայտ անձը քարով հարվածել և վնասել է ավտոբուսի ապակին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ահազանգով ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում Արման Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ արարքի հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է 280 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Հարմադինն է: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: