Երևանի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Վերջինս նշել է, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։
«Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ավտոկայանատեղիների գոտիավորում։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր գոտու համար կսահմանվի այլ վճար»,-ասել է Հարությունյանը և հավելել, որ նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել։
Լրատվամիջոցի հետ զրույցում Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ համապատասխան որոշումը կլինի, որի մանրամասները կներկայացվեն երևանցիներին։ 2024 թվականի հունվարին արդեն ավտոկայանման համար կգործի նոր մոտեցում։