Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին, հայտնում են ԱԳՆ-ից։
Միրզոյանը իր խոսում նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին: Նա ողջունել է ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը և հավելել, որ ԵՄ-ը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին:
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններին նա ասել է՝
«Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։
Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը »: